Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Քրդստանի ժողովուրդը որոշեց իր ճակատագիրը

Քրդստանի ժողովուրդը որոշեց իր ճակատագիրը
26.09.2017 | 16:12

Իրաքի քրդական ինքնավարության տարածքում Իրաքյան Քրդստանի անկախության հարցով հանրաքվեն կայացավ: Ընտրատեղամասերը բացվեցին առավոտյան 07:00-ին և փակվեցին 18:00-ին: Ընդհանուր թվով քվեարկեց 5,2 միլիոն մարդ: Հանրաքվեի արդյունքները հայտնի կդառնան մեկ օր անց, բայց ոչ ոք կասկած չունի, որ իրաքյան քրդերը կողմ են քվեարկել, բացի իրաքյան ինքնավարության տարածքում ապրող արաբ սուննիներից ու թուրքմեններից:
REGNUM-ը հետևում էր իրադարձությունների ընթացքին Իրանի, Բաղդադի, Իրաքի կենտրոնական կառավարության, արաբական որոշ երկրների և, իհարկե, Թուրքիայի հեռուստաալիքների հաղորդումներով: Բոլորն Էրբիլից լուրերը հաղորդում էին առաջինը, միայն թուրքական լրատվական ծրագրերի հաղորդավարները, մեկ մարդու նման, հաղորդումը սկսում էին «Մենք ճգնաժամային օր ենք ապրում» բառերով: Երեք-չորս ժամ անց, երբ Էրբիլում արդեն քվեարկել էին իրաքյան ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, նրա հետ մրցակցող Թալիբան կլանի ու Քրդստանի Հայրենասիրական միության անդամները, Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը Անկարայում իր նստավայր հրավիրեց թուրքական չորս հեռուստաալիքների լրագրողներին, որ մեկնաբանի իրավիճակը: Գլխավորը, նրա խոսքով, Թուրքիան մտադիր չէ, համենայն դեպս, հիմա, պատերազմ սկսել Իրաքյան Քրդստանի դեմ: Վարչապետն ասաց. «Մենք պատերազմի մեջ չենք մտնում, թող մեր քաղաքացիները հանգիստ լինեն, բայց մենք պաշտպանելու ենք մեր ազգային անվտանգությունը»:

Բինալի Յիլդիրիմն ընդունեց, որ Էրբիլի վրա ճնշում գործելու Անկարայի ու Թեհրանի բոլոր փորձերն ապարդյուն էին (նախօրեին Իրանն ու Թուրքիան զորավարժություններ սկսեցին Իրաքյան Քրդստանի սահմանների մոտ, Իրանը փակեց երկինքը, Թուրքիան սահմանային անցակետերը, խոստացվել է փակել Թուրքիայի տարածքով էներգետիկ ռեսուրսների փոխադրման ճանապարհները): Մեկ ժամ անց Անկարայի ինչ-որ խորհրդաժողովում ելույթ ունեցավ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` բառացի կրկնելով նույն սպառնալիքները և հավելելով Բաղդադի հետ Էրբիլը շրջափակելու հնարավորությունը: Թուրք շատ փորձագետներ կարծում են, որ թեպետ Իրաքյան Քրդստանի հանրաքվեն անկախությանն է նվիրված, իրականում «իշխանությունը պահպանելու Բարզանիի փորձն է, որ կարող է առաջիկա ընտրություններում կորցնել» կամ «դա բարձր նշաձող է», որ նա «բարձրացրեց Բաղդադի հետ բանակցություններից առաջ առավելագույն ազատություն ստանալու համար, բայց Իրաքի կազմում»: Հիշում են, որ 2014-ին Բարզանին նույնպես փորձեց Քրդստանի անկախության հանրաքվե անցկացնել: Այն ժամանակ էլ, ինչպես հիմա, բարձրացվում էր վիճելի տարածքների հարցը, այդ թվում` Քիրկուկի: Կառավարական զորքերը այդ շրջանը թողեցին ԻՊ-ի զինյալների հարձակումից հետո, հետո արդեն իրենց վերահսկողության տակ վերցրին քրդերը: Բարզանին Մերձավոր Արևելքի փորձառու քաղաքական գործիչներից է, և լավ հասկանում է, որ իրեն սպասում է ծանր քաղաքական առևտուր ոչ միայն Բաղդադի, Անկարայի ու Թեհրանի հետ, այլև արտաքին խաղացողների: Դատելով արտաքին շատ ազդակներից, նա հաշվարկել է ներկա ու ապագա քայլերը: Բայց ոչ ամեն ինչ է ստացվում:

«Մենք մտածում էինք, որ կարող ենք հենվել Թուրքիայի վրա, բայց, երևում է, սխալվել ենք,- ընդունեց նա:- Թուրքիան իրավունք ունի իր տարածքում ցանկացածն անել, բայց մենք չենք ցանկանում, որ նրա գործողությունները մեր դեմ ուղղված լինեն»: Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար և Medecins Sans Frontieres («Բժիշկներ առանց սահմանի») բարեգործական կազմակերպության հիմնադիր Կուշները հայտարարեց. «Քրդերն անկախություն են որոնում արդեն 100 տարի, այդ պատճառով էլ նրանց հանրաքվեն անակնկալ չէ ամբողջ աշխարհի համար»: Կուշների կարծիքով` Բարզանիի համար հիմա գլխավորն է աշխարհին համոզել, որ «հենց ազատ, անկախ Քրդստանը կկասեցնի Մերձավոր Արևելքում ապակայունացման ու քաոսի գործընթացը»: Բոլոր դեպքերում` 2017-ի սեպտեմբերի 25-ը պատմական օր է բոլոր քրդերի համար: Քրդստանի ժողովուրդը ընտրեց իր ճակատագիրը:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Թուրքական Aydinlik Gazetesi-ին գրում է, որ անկախության հանրաքվե անցկացնելու Քրդական շրջանային վարչակազմի որոշումը իրար է խառնել տարածաշրջանը: Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի ու Իրաքի միջև ակտիվ շարժում է սկսվել: Պատճառը «երկրորդ Իսրայելն է»: Իրանի Գլխավոր շտաբի պետը 38 տարվա մեջ առաջին անգամ եկավ Անկարա: Այդ բանակցություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անակնկալ գնաց Բաղդադ: Նախօրեին Իրաքի Գլխավոր շտաբի պետ Օսման ալ Հանիմին էր Անկարայում: Սեպտեմբերի 25-ին նախագահ Էրդողանը հեռախոսեց Պուտինի հետ, իսկ հինգշաբթի նրանք արդեն միասին կընթրեն: Մի շաբաթում երկու շփում, դա արդեն ուշադրություն է գրավում: Առաջիկայում Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը կմեկնի Իրան: Աքարից հետո Թեհրան կգնա նախագահ Էրդողանը: Հոկտեմբերի 4-ի այցի օրակարգում նույն հարցերն են: Հատկանշական է, որ այս պետությունների հետ հարաբերություններում առաջին գծում են գլխավոր շտաբի պետերը: Սրանք հայտնի փաստեր են, բայց և հասարակությունից գաղտնի մնացող շփումները նույն ընթացքն ունեն: Այս շարժումը կարևոր է և Թուրքիա-Սիրիա հարաբերությունների տեսակետից: Հիմա դրվում են Սիրիայի հետ շփումների հիմքերը: Ըստ ամենայնի` բանակցությունները, որ հիմա կողմնակի են, առաջիկայում կդառնան ուղղակի: Կարո՞ղ է ՙԱրդարություն ու զարգացում՚ կուսակցությունը տարածաշրջանի ու Եվրասիայի պետությունների հետ համագործակցության ճանապարհը շեղել: Այս պահին այդ հարցը քննարկվում է քաղաքական կուլիսներում: Դա հեշտ չի լինի: Թուրքիան Եվրասիային է դիմել ոչ թե գերակայության, այլ անհրաժեշտության պատճառով: ԱՄՆ-ի խորքային պետության կարևորագույն գործիչներից մեկը` Զբիգնև Բժեզինսկին 30 տարի առաջ էր դա կանխատեսել: «Շախմատի մեծ խաղատախտակ» գրքում նա հաստատում է, որ Թուրքիայի շահերը Եվրասիայում են: Հենց այդ գործընթացով էլ մենք անցնում ենք հիմա: Թուրքիայի շահերը: Անգամ որոշ տատանումներով հանդերձ` այլ ճանապարհ չկա:


Թուրքիա-Ռուսաստան-Իրան առանցքում փորձելու է հարմար տեղավորվել և Ադրբեջանը: Որոշ ժամանակ առաջ արդեն փորձարկվել է Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափը, որ չստացվեց, իսկ հիմա շահերը կմիավորվեն: Թուրքիայի ու Ռուսաստանի հետ խնդիրներ չեն ծագի, իսկ Թեհրանին Բաքուն պետք է` չեզոք պահելու համար` հաշվի առնելով Իրանի քրդաբնակ շրջաններում սպասվող անջատողական շարժումները: Ո՞րն է այս ամենում Հայաստանի շահը, և ի՞նչ դիրքորոշում է Հայաստանն ունենալու անկախ Քրդստանի նկատմամբ: Այս հարցին շատ վաղ է հրապարակավ պատասխանել, դեռ Էրբիլն ինքը պիտի որոշի` հայտարարու՞մ է իրեն անկախ պետություն և ի՞նչ սահմաններով, ինչպե՞ս է հարաբերությունները կառուցում Բաղդադի ու արտաքին խաղացողների հետ, որ ուղղակի շահեր ունեն Քրդստանի ինքնավարության վերահսկած տարածքներում: Բայց դիրքորոշում վաղ թե ուշ պիտի արտահայտվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ